ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ




Սույն Խարտիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, համարելով, որ Եվրոպայի խոհրդի նպատակը նրա անդամների միջև ավելի կայուն միասնության հաստատումն է` հանուն ընդհանրական սեփականություն հանդիսացող իդեալների և սկզբունքների հաղթանակի ու պաշտպանության, համարելով, որ կառավարման ոլորտի համաձայնագրերի կնքումը այդ նպատակին հասնելու միջոցներից է, համարելով, որ պետական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են ցանկացած ժողովրդավարական հասարակարգի հիմքերց մեկը, համարելով որ, պետական գործերի կառավարմանը մասնակցելու քաղաքացիների իրավունքը դասվում է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար ընդհանուր ժողովրդավարական սկզբունքների շարքը, ելնելով այն համոզմունքից, որ այդ իրավունքն անմիջականորեն կարող է իրականացվել հենց տեղական մակարդակով, ելնելով այն համոզմունքից, որ իրական իշխանությամբ օժտված տեղական ինքնակառավարման մարմինների գոյությունն ապահովում է արդյունավետ և, միաժամանակ, քաղաքացուն մոտեցված կառավարում, գիտակցելով, որ եվրոպական բոլոր երկրներում տեղական ինքնակառավարման պաշտպանությունն ու ամրապնդումը նշանակալի ներդրում է ժողովրդավարության և իշխանության ապակենտրոնացման սկզբունքների վրա հիմնված եվրոպայի կառուցման գործում, հաստատելով, որ այն ենթադրում է ժողովրդավարական ուղիով ստեղծված, որոշումներ կայացնելու լիազորված և իրենց իրավասության, դրա իրականացման կարգի և դրա համար անհրաժեշտ միջոցների կիրառման հարցերում լայն ինքնուրույնությամբ օժտված մարմիններ ունեցող ինքնակառավարման գոյությունը, պայմանավորվեցին ներքոշարադրյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. Կողմերը պարտավորվում են պահպանել հետևյալ հոդվածներն այն կարգով և ծավալով, որ նախատեսված է սույն Խարտիայի 12 հոդվածով:
ՄԱՍ 1
ՀՈԴՎԱԾ 2. Տեղական ինքնակառավարման սահմանադրական և օրենսդրական հիմունքները
Տեղական ինքնակառավարման սկզբունքը պետք է ճանաչվի երկրի օրենսդրությամբ և, ըստ հնարավորին, երկրի սահմանադրությամբ:
ՀՈԴՎԱԾ 3. Տեղական ինքնակառավարում հասկացությունը
1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու իրական ունակությունն է` նպատակաուղղված պետական գործերի մի զագալի մասի կանոնակարգմանը և կառավարմանը` գործելով օրենքի շրջանակներում, սեփական պատասխանատվությամբ և ելնելով տեղական բնակչության շահերից:
2. Այդ իրավունքն իրականացվում է ազատ, գաղտնի, հավասար, ուղղակի և ընդհանուր քվեարկությամբ ընտրված անդամներից բաղկացած խորհուրդների կամ ժողովների կողնից: Խորհուրդները կամ ժողովները կարող են ունենալ իրենց հաշվետու գործադիր մարմինները: Սույն դրույթը չի բացառում քաղաքացիների ժողովների, հանրահավաքների կամ քաղաքացիների ուղղակի մասնակցության ցանկացած այլ ձևի կիրառումը, եթե դա թույլատրված է օրենքով:

ՀՈԴՎԱԾ 4. Տեղական ինքնակառավարման իրավասության ոլորտը
1. Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ կամ օրենքով: Սակայն սույն դրույթը չի բացառում տեղական ինքնակառավարման մարմիններին առանձին կոնկրետ լիազորություններով օժտելը` օրենքին համապատասխան:
2. Օրենքով սահմանված շրջանակներում տեղական ինքնակառավարման մարմիններն օժտված են իրենց իրավասությունից չհանված և իշխանության այլ մարմնի իրավասությանը հանձնած ցանկացած սեփական նախաձեռնությունների իրականացման լիակատար ազատությամբ:
3. Պետական լիազորությունների իրականացումը, որպես կանոն, մեծամասամբ պետք է վերապահվի քաղաքացիներին առավել մոտ կանգնած իշխանության մարմիններին: Այդ լիազորություններից որևէ մեկով իշխանական այլ մարմնին օժտելը պետք է կատարվի առաջադրված խնդրի ծավալը և էությունը, ինչպես նաև արդյունավետության ու տնտեսավարման պահանջները հաշվի առնելով:
4. Տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունները, որպես կանոն, պետք է լինեն ամբողջական և բացառիկ: Դրանք իշխանության այլ` կենտրոնական կամ տարածաշրջանային մարմնի կողմից կարող են վիճարկվել կամ սահմանափակվել միմիայն օրենքով սահմանված շրջանակներում:
5. Կենտրոնական կամ տարածաշրջանային մարմինների կողմից լիազորությունների փոխանցման դեպքում ինքնակառավարման տեղական մարմինները պետք է հնարավորինս օժտված լինեն դրանց իրականացումը տեղական պայմաններին հարմարեցնելու ազատությամբ:
6. Տեղական ինքնակառավարման մարմիններին անմիջականորեն վերաբերող ցանկացած որոշման պլանավորման և ընդունման ընթացքում պետք է հնարավորինս խորհրդակցել այդ մարմինների հետ, ընդ որում` նախապես և համապատասխան ձևով:

ՀՈԴՎԱԾ 5. Տեղական ինքնակառավարման տարածքային սահմանատման պաշտպանությունը
Տեղական ինքնակառավարման տարածքային սահմանատման ցանկացած փոփոխության դեպքում անհրաժեշտ է նախապես խորհրդակցել տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների հետ, իսկ եթե օրենքը թույլ է տալիս` կարելի է նաև անցկացնել հանրաքվե:
ՀՈԴՎԱԾ 6. Վարչական կառույցների և միջոցների համապատասխանությունը տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին
1. Իշխանության տեղական մարմինները պետք է հնարավորություն ունենան, չխախտելով ավելի ընդհանուր օրենսդրական դրույթները, ինքնուրույն սահմանել իրենց ներքին վարչական կառույցները` այն հաշվով, որ դրանք համապատասխանեն տեղական պահանջմունքներին և ապահովեն արդյունավետ կառավարում:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների ծառայության պայմանները պետք է լինեն այնպիսին, որ հանարավոր լինի ապահովել բարձր որակավորում ունեցող կադրերի ընտրություն` հիմնված փորձի առկայության և իրազեկության սկզբունքի վրա, որի համար անհրաժեշտ է ապահովել մասնագիտական պատրաստվածության, վարձատրման և ծառայողական առաջխաղացման համապատասխան պայմաններ:

ՀՈԴՎԱԾ 7. Տեղական մակարդակով լիազորությունների իրականացման պայմանները
1. Տեղական մակարդակով ընտրովի անձանց կարգավիճակը պետք է ապահովի նրանց լիազորությունների ազատ իրականացումը:
2. Տեղական մակարդակով ընտրովի անձանց կարգավիճակը պետք է թույլ տա ստանալ նրանց կող­մից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կատարված ծախսերին հա­մա­պա­տաս­խան դրամական փոխհատուցում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ձեռքից բաց թողնված շահույթի կամ վաստակի փոխհատուցում և համապատասխան սոցիալական պաշտպանություն:
3. Տեղական մակարդակով ընտրովի անձի մանդատին անհարիր գործառույթները և գործունեությունը կարող են սահմանվել միայն օրենքով կամ հիմնարար իրավական սկզբունքներով:

ՀՈԴՎԱԾ 8. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վարչական վերահսկողությունը
1. Տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական վերահսկողություն կարող է իրականացվել միմիայն սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված ձևերով և դեպքերում:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ցանկացած վարչական վերահսկողություն, որպես կանոն, պետք է նախատեսված լինի սոսկ օրինականության և սահմանադրական սկզբունքների պահպանումն ապահովելու համար: Այնուամենայնիվ, վարչական վերահսկողությունը կարող է ներառել նաև իշխանության վերին մակարդակի մարմիների վերահսկողությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ` վերջինիս կողմից պատվիրակված լիազորությունները պատշաճորեն կատարելու առումով:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի վերահսկող մարմնի միջամտության աստիճանը համաչափ լինի այն շահերի աստիճանին, որն այդ միջամտությունը մտադիր է պաշտպանել:

ՀՈԴՎԱԾ 9. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորման աղբյուրները
1. Տեղական ինքնակառավարման մարմինները` ազգային քաղաքականության շրջանակներում, իրավունք ունեն տիրապետելու սեփական բավարար ֆինանսական միջոցների և ազատորեն տնօրինելու դրանք` իրենց գործունեությունը իրականացնելիս:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցները պետք է լինեն սահմանադրությամբ և օրենքով նրանց տրված լիազորությոններին համաչափ:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆ ինանսական միջոցների առնվազն մի մասը պետք է ստացվի տեղական տուրքերի և հարկերի հաշվին, որոնց դրույքաչափերը տեղական ինքնակառավարման մարմիններն իրավասու են սահմանել օրենքով նախատեսված շրջանակներում:
4. Ֆինանսական համակարգերը, որոնց վրա են հիմնվում ինքնակառավարման տեղական մարմինների միջոցները, պետք է լինեն բավականաչափ բազմազան և ճկուն, որպեսզի արձագանքեն , որքանով որ դա իրականում հնարավոր է, ծախքերի` տեղական մարմինների իրավասության իրականացման ընթացքւմ առաջացող փոփոխություններին:
5. Տեղական ինքնակառավարման` ֆինանսական առումով առավել թույլ մարմինների պաշտպանությունը պահանջում է ֆինանսական համահարթեցման կամ համարժեք միջոցների կիրառում, որոնք նախատեսվում են տեղական մարմինների ֆինանսավորման հնարավոր աղբյուրների անհավասարաչափ բաշխման հիմնավորումը և այդ մարմինների ծախսերը ճշգրտելու համար: Նման ընթացակարգերը կամ միջոցները չպետք է սահմանափակեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ազատությունը` նրանց իրավասության սահմաներում:
6. Վերաբաշխվող միջոցների հատկացման կարգն անհրաժեշտ է պատշաճ կերպով համաձայնեցնել տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
7. Ինքնակառավարման տեղական մարմիններին հատկացված պետական տրանս ֆերտները, ըստ հնարավորին, չպետք է նախատեսվեն որոշակի նախագծերի ֆինանսավորման համար: Պետական տրանս ֆերտները չպետք է վնասեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` նրանց սեփական իրավասության ոլորտում քաղաքականության ընտրության հիմնական ազատությանը:
8. Կապիտալ ներդրումների գծով ծախսերի ֆ ինանսավորման համար ինքնակառավարման տեղական մարմիները, պահպանելով օրենսդրությունը, պետք է ունենան փոխատվական կապիտալի ազգային շուկա մուտքի իրավունք:

ՀՈԴՎԱԾ 10. Տեղական ինքնակառավարման մարմինների միավորվելու իրավունքը
1. Տեղական ինքնակառավարման մարմինները, իրենց լիազորությունները իրականացնելիս, իրավունք ունեն համագործակցել և օրենքով սահմանված շրջանակներում տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ կազմել միավորումներ` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծման համար:
2. Յուրաքանչյուր պետությունում պետք է ճանաչվի միություն կազմելու տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` ընդհանուր շահերի պաշտպանության և առաջ տանելու նպատակով, ինչպես նաև ինքնակառավարման տեղական մարմինների` միջազգային միությանն անդամակցելու իրավունքը:
3. Տեղական ինքնակառավարման մարմիններին իրավունքն է վերապահվում համագործակցել այլ պետությունների նմանատիպ մարմինների հետ` այն պայմաններով, որոնք կարող են սահմանվել օրենքով:

ՀՈԴՎԱԾ 11. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավական պաշտպանությունը
Տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց լիազորությունների ազատ իրականացման ապահովման և երկրի սահմանադրությամբ ու օրենսդրությամբ ամրագրված տեղական ինքնակառավարման սկզբունքների պահպանման համար պետք է ունենան դատական պաշտպաության իրավունք:
ՄԱՍ II
ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 12. Պարտավորություններ
1. Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պահպանել Խարտիայի 1 մասի առնվազն 20 կետերը, որոնց թվում առնվազն տասը պետք է ընտրվեն հետևյալ կետերից.
• հոդված 2
• հոդված 3, 1 և 2 կետեր
• հոդված 4, 1, 2 և 4 կետեր
• հոդված 5
• հոդված 7, 1 կետ
• հոդված 8, 2 կետ
• հոդված 9, 1, 2 և 3 կետեր
• հոդված 10, 1
• հոդված 11
2. Վավերագիրը կամ Խարտիան ընդունելու կամ հավանության առժանացնելու վերաբերյալ փաստաթուղթը պահպանման հանձնելու պահին յուրաքանչյուր պայմանավորվող պետություն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին տեղյակ է պահում այն կետերի մասին, որոնք ընտրվել են սույն հոդվածի 1 կետի դրույթներին համապատասխան:
3. Հետագայում ցանկացած կողմ կարող է ցանկացած ժամանակ Գլխավոր քարտուղարին իրազեկել, որ ինքը պարտավորվում է պահպանել սույն Խարտիայի ցանկացած այլ կետ, որը դեռ չի ընդուվել սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատսխան:
4. Նման պարտավորությունները, որ ընդունվել են ավելի ուշ, դիտվում են որպես ծանուցող կողմի կատարած վավերացման, ընդունման կամ հավանության արժանացման բաղկացուցիչ մասը և ուժի մեջ են մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու ամսաթվին հետևող եռամսյա ժամկետը լրանալուց հետո` առաջին ամսվա առաջին օրվանից:

ՀՈԴՎԱԾ 13. Ինքնակառավարման այն մարմինները, որոնց վրա տարածվում է Խարտիայի գործողությունը
Սույն Խարտիայում բովանդակվող տեղական ինքնակառավարման սկզբունքները տարածվում են կողմերի տարածքում գոյություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր կատեգորիաների վրա: Սակայն, Խարտիան ընդունած կամ հավանության առժանացրած յուրաքանչյուր կողմ վավերագրում կարող է նշել տեղական ինքնակառավարման մարմինների այն կատեգորիաները, որոնցով սահմանափակվում է սույն Խարտիայի կիրառումը, կամ այն կատեգորիաները, որոնք ինքը մտադիր է հանել իր կիրառման ոլորտից: Կողմը կարող է նաև, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հետագա ծանուցմամբ, Խարտիայի գործողությունը տարածել իշխանության տեղական և տարածաշրջանային մարմինների այլ կատեգորիաների վրա:
ՀՈԴՎԱԾ 14. Տեղեկատվության ապահովումը
Յուրաքանչյուր կողմ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին է ներկայացնում անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն այն օրենսդրական դրույթների և այն միջոցների մասին, որն ինքն ընդունել է և միջոցներ է ձեռնարկել սույն Խարտիայի դրույթներին համապատասխանեցնելու համար:

ՄԱՍ III
ՀՈԴՎԱԾ 15. Ստորագրումը, վավերացումը, ուժի մեջ մտնելը
1. Սույն Խարտիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունների ստորագրման համար: Խարտիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հավանության արժանացման: Վավերագրերը, ընդունման կամ հավանության արժանացման վերաբերյալ փաստաթղթերը ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Սույն Խարտիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի անդամ չորս պետությունների` նախորդ կետի դրույթներին համապատասխան Խարտիան պահպանելու համաձայնության վերաբերյալ հայտարարության ամսաթվին հետևող եռամսյա ժամկետը լրանալուց հետո` առաջին ամսվա առաջին օրվանից:
3. Եվրոպայի խորհրդի ցանկացած պետության համար, որը հետագայում համաձայնել է միանալ Խարտիային, Խարտիան ուժի մեջ կմտնի վավերագիրը, Խարտիայի ընդունման կամ հավանության արժանացման վերաբերյալ փաստաթուղթն ի պահ հանձնելու ամսաթվին հետևող եռամսյա ժամկետը լրանալուց հետո` առաջին ամսվա առաջին օրվանից:

ՀՈԴՎԱԾ 16. Տարածքային վերապահում
1. Խարտիայի ստորագրման պահին կամ վավերագիրը, Խարտիայի ընդունման, հավանության արժանացման կամ նրան միանալու վերաբերյալ փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին յուչաքանչյուր պետություն կարող է նշել այն տարածքները, որտեղ պետք է կիրառվի սույն Խարտիան:
2. Յուրաքանչյուր պետություն հետագայում` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հռչակագրով, սույն Խարտիայի կիրառումը կարող է տարածել հռչակագրում նշված ցանկացած այլ տարածքի վրա: Այդ տարածքի նկատմամբ Խարտիան ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու ամսաթվին հետևող եռամսյա ժամկետը լրանալուց հետո` առաջին ամսվա առաջին օրվանից:

ՀՈԴՎԱԾ 17. Պայմանագրալուծում (դենոնացիա)
1. Կողմերից և ոչ մեկը չի կարող վերացնել սույն Խարտիայի ընդունման վերաբերյալ փաստաթուղթը` տվյալ կողմի համար ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հնգամյա ժամկետը լրանալը: Վեց ամիս առաջ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղարկվում է նախնական ծանուցում: Նման պայմանագրալուծումը չի ազդում Խարտիայի գործողության վրա` այլ կողմերի համար այն պայմանով, որ նրանց թիվը երբեք չորսից չնվազի:
2. Նախորդ կետի դրույթներին համաձայն` կողմերից յուրաքանչյուրը կարող է լուծարել Խարտիայի 1-ին մասի` նախկինում իր ընդունած, ցանկացած կետ` պայմանով, որ այն կետերի քանակը և կատեգորիաները, որոնք այդ կողմը պետք է պահպանի, համապատասխանում են 12 հոդվածի 1-ին կետի դրույթներին: Յուրաքանչյուր կողմ, որը կետերից մեկը վերացնելուց հետո այլևս չի համապատասխանում 12 հոդվածի 1-ին կետի պահանջներին, կդիտվի որպես Խարտիան ամբողջությամբ լուծած կողմ:
ՀՈԴՎԱԾ 18. Ծանուցումներ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը խորհրդի անդամ-պետություններին ծանուցում է.
• ա) ցանկացած ստորագրման մասին,
• բ) ցանկացած վավերագիր, ընդունման կամ հավանության արժանացման վերաբերյալ փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,
• գ) սույն Խարտիայի ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի մասին` 15 հոդվածի համապատասխան,
• դ) ցանկացած ծանուցման մասին, որը ստացվել է 12 հոդվածի 2 և 3 կետերի դրույթներին համապատասխան,
• ե) ցանկացած ծանուցման մասին, որը ստացվել է 13 հոդվածի դրույթներին համապատասխան,
• զ) ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդման մասին, որը վերաբերում է սույն Խարտիային:
Եվ ի հաստատումն այդ ամենի, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցի սույն Խարտիան:
Կատարված է Ստրասբուրգում` 1985 թվականի հոկտեմբերի 15-ին, ֆրանսերեն և անգլերեն` մեկական օրինակով, ընդ որում, երկու տեքստն էլ հավասարազոր են և ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի արխիվին:
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պատշաճ կերպով վավերացրած պատճեն առաքում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:

 


 

Էջի սկիզբ