Հանդիպումներ, այցելություններ
 
 

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն 2006 թվականի ապրիլի 28-ին հանդիպում է ունեցել ՀՀ Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի անդամների հետ, որի թվում է նաև ՙՀայաստանի ավագանիների ասոցիացիան՚: Շահագրգիռ քննարկում է ծավալվել իրականացվող տարածքային քաղաքականության, տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող հետագա անելիքների, համայնքների զարգացման վերաբերյալ: Համայնքների զարգացման ընդհանուր միտումը գնահատելով դրական, Հանրապետության նախագահն ասել է, որ ոլորտի ընդհանուր քաղաքականությունն ուղղված է համայնքների կայացմանը: ՙՀամայնքները ժողովրդի հետ շփման առաջին օղակն են, նրանց հոգսերին ամենից քաջատեղյակը և չկայացնել այդ օղակն ուղղակի կարճատեսություն կլինի՚, - շեշտել է երկրի ղեկավարը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ տեղական ինքնակառավարման կայացած մարմինները պետության կայունության կարևոր գործոն են: ՙԱռանց համայնքների համաչափ և բազմակողմանի զարգացման, երկրի ամբողջական զարգացումը գրեթե անհնարին է՚,- շեշտել է նա: Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր խնդիրները գրանցվել են: Դրանց մի մասը կկարգավորվեն բավականին արագ, իսկ այն խնդիրները, որոնց վերաբերյալ լուծումներ չեն ուրվագծվել, առանձին կքննարկվեն և կկազմվի գործողությունների հստակ ժամանակացույց:
ՙՀայաստանի ավագանիների ասոցիացիա՚-ի նախագահ Արայիկ Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ նշեց, որ ավագանու գործունեության հետ կապված բազմաթիվ հարցադրումներ կան և երկրի նախագահին խնդրեց դրանք քննարկել կազմակերպության ներկայացուցիչների հետ առանձին հանդիպման ժամանակ, այն նպատակով, որ դա լրացուցիչ խթան կլինի ավագանու կառույցը զարգացնելու տեսակետից: ՀՀ նախագահը հավանություն տվեց այդ նախաձեռնությանը:


 

 

 

 

 

 

 

 

Էջի սկիզբ