Լսումներ ԱԺ-ում՝ «Սևանա լճի հիմնախնդիրներըե թեմայով
ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ
կատարելու մասին ՀՀ օրենքը, որով նախատեսվում է 2018 թվականին Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Նշենք, որ սահմանված թույլատրելի սահմանը տարեկան 170 մլն խմ է: Սևանից լրացուցիչ ջրառը հանրության շրջանում կրկին անհանգստություններ էր առաջացրել: Դա էր պատճառը, որ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության
հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ այդ թեմայով: Լսումների ժամանակ նախատեսված էր երեք հիմնական զեկույց, որոնց շուրջ ընթացավ սուր բանավեճ:
Հիմնական զեկուցողներն էին բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացմանե ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ կառավարության հաստատած Սևանի հետ կապված գործողությունների տարեկան ծրագիրն ուղղված է լճի բնապահպանական խնդիրների լուծմանը: Դրան կնպաստի նաեւ 50 մմ-ից փոքր անցքեր ունեցող ձկնորսական ցանցերի ներմուծման արգելքը:
Ըստ նրա՝ մտահոգիչ են լճի ջրի որակը, մակարդակը և կենսաբազմազանության նվազումը, որոնց լուծման համար նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի Սևանում ավելացել էր ջրիմուռների քանակը, ինչը չէր նկատվել նախորդ տարիներին. դա պայմանավորված է մի շարք գործոններով. ֆոսֆորի քանակի ավելացում, տեղումների պակաս, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի առկայություն:
Սևանա լճի մաքրման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ կիրականացնի 50 մլն եվրոյի ծրագիր: Կտարվեն նաև կողակ ձկնատեսակի արհեստական վերարտադրման, լճի մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ:
Նախարարը նշել է, որ այս տարի ջրի որակի ցուցանիշներն ավելի մտահոգիչ են, քան նախորդ տարիներին. ջրի թափանցիկությունը եղել է 2,2 մետր, նախկինի 14 մետրի դիմաց:
Այս և հարակից խնդիրների լուծման նպատակով կլինեն նաեւ օրենսդրական նախաձեռնություններ:
Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն իր ելույթում անդրադարձել է պարբերաբար կատարվող ջրառին և նշել, որ այն կարեւոր է Արարատյան դաշտավայրի հողատարածքների ոռոգման և ատոմակայանի հովացման համար: Նրա տեղեկացմամբ Սևանա լճի մակարդակը նախկինում եղել է 50 մլրդ խմ, աստճանաբար իջել 32-ի, իսկ այժմ բարձրացվել է 38 մլրդ խմ-ի: Յուրի Ջավադյանը ջրի աղտոտվածության առնչությամբ նշել է, որ Սևանի ափամերձ տարածքներում գործում է 2400 հասարակական սննդի օբյեկտ, որոնք իրենց կոյուղաջրերը թափում են լիճ: Ըստ նրա՝ բնապահպանական վտանգ են ներկայացնում նաև հսկա ծառերը, որոնց տեղափոխման հարցը քննարկման փուլում է:
,Հանուն կայուն մարդկային զարգացմանե ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի համոզմամբ՝ ջրի մակարդակի բարձրացումը դրական է ազդում ջրի որակի վրա և հակառակը: Ըստ նրա՝ այս տարի ջրիմուռների աննախադեպ աճը պայմանավորված է եղել նախորդ տարի լճից կատարված 100 մլն խմ ջրառով, և այն այսօր գնում է դեպի ճահճացում: Բնապահպանի խոսքով՝ ափամերձ կառույցների գործունեությունն անօրինական է, չէր կարելի այնտեղ կապիտալ շինություններ կառուցել:
Նշենք, որ լսումների մասնակից բնապահպաններն ու գիտաշխատողները Սևանա լճի հիմնախնդիրների լուծման ուղի համարում էին բացառապես լճի մակարդակի բարձրացումն ու մաքրման աշխատանքների իրականացումը, իսկ ոռոգման խնդիրների լուծումը համարում ոռոգման համակարգի արդիականացումն ու ջրի կորուստների նվազեցումը:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը (ում նախաձեռնությամբ կազմակերպվել էին լսումները) նշել է, որ քննարկմանն ակնկալում էր առավել առարկայական մոտեցումներ և առաջարկներ: Նա ընդգծել է, որ այս տարի թույլատրված 40 մլն խմ ջրառի մասին որոշումը խորհրդարանը կայացրել է համախոհության արդյունքում: Պատգամավորն առաջարկել է շարունակել քննարկումները և սրտացավություն ցուցաբերել Սևանին առնչվող ցանկացած քայլ անելիս:
Զեկույցներից հետո ՀՀ ԱԺ պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների և այլ մասնակիցների կողմից հնչեցված հարցադրումների և ելույթների արդյունքում ծավալվել են բուռն քննարկումներ:
Ամփոփելով լսումները՝ հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար և արդյունավետ գնահատել այն: Սևանի բազմաթիվ խնդիրների լուծման համար նա կարևորել է լճի մակարդակի բարձրացումն ու ջրային ռեսուրսների խելամիտ օգտագործումը: Հանձնաժողովի նախագահը կարևորել է հանրության համար խիստ զգայուն այս հարցում խորհրդարանական վերահսկողական գործառույթների իրականացումն ու հարցի հետագա քննարկումները

: