Կայացավ "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունը
 
 

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 17-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին անցկացվեց "Տարվա լավագույն համայնք-2013" մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: "Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր:
Փոխվարչապետը շնորհավորեց ՏԻ մարմինների ներկայացուցիչներին` օրվա կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց ` համայնքների զարգացման, տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում: Նա ընդգծեց, որ այս տարիների ընթացքում մեծ ջանքեր եւ աշխատանքներ են իրականացվել ՏԻ համակարգի կայացման եւ հետեւողական զարգացման առումով, սակայն դեռ շատ անելիքներ կան համակարգի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման եւ հետագա զարգացման ուղղությամբ:
Տոնի կապակցությամբ ՏԻ համակարգում ներդրած ավանդի համար ՀՀ տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով պարգեւատրվեցին Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Օրդյանը, "Համայնքների ֆինանսիստների միավորման" նախագահի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Թումանյանը եւ "Հայաստանի ավագանիների ասոցիացիայի" նախագահի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտակ Պետրոսյանը:
2013 թվականի լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Վայոց ձորի Ռինդ համայնքը։ "Լավագույն համայնք" մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակների արժանացան նաեւ Ապարան, Քաջարան, Մերձավան, Պեմզաշեն համայնքները: Նկարները տես ֆոտոսրահում:

 


 

 

 

 

 

 

 

 

Էջի սկիզբ