ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին տեղական ինքնակառավարմանը վերաբերող առաջարկներ
 
 

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:
Հանձնաժողովի անդամները մի շարք համայնքների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ մարզպետարանների աշխատակիցների հետ քննարկեցին տեղական ինքնակառավարման ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող նրանց առաջարկները: Ինչպես քննարկման ընթացքում նշեցին մասնակիցները, առաջարկները նպատակ ունեն պարզեցնել գործող օրենսդրությունը եւ վերացնել առկա հակասությունները, զարգացնել տեղական ինքնակառավարման համակարգը:
Հայաստանի ավագանիների ասոցիացիայի փոխնախագահ Արտակ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկել եւ հանձնաժողովի են ներկայացրել ինը առաջարկ, որոնցով առաջարկում են համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների համար պարտադիր դարձնել կրթական ցենզը, բարձրացնել ավագանու անդամների եւ համայնքի ղեկավարների տարիքային ցենզը, ՀՀ որոշ համայնքներում անցկացնել ավագանու համամասնական, բազմամանդատ ընտրություններ, ավելացնել տեղական նոր հարկատեսակներ, անշարժ գույքի կադաստրի վարումը համայնքներում դարձնել ՏԻՄ լիազորություն եւ այլն:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը պատրաստակամություն հայտնեց կրկին քննարկել առաջարկները եւ անհրաժեշտության դեպքում մշակել օրենսդրական նախաձեռնություն:

 

 


 

 

 

 

 

 

 

 

Էջի սկիզբ